Բլոգ

Covid

Կովիդ-19 արագ արձագանքում

«Կովիդ-19 արագ արձագանքում»

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը, որի իրականացման ամբողջ աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։

Ծրագիրը նպատակաուղղված է խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։

 

Այն թիրախավորում է հանրային առողջությունը, սոցիալական պատասխանատվությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական պատասխանատվությունը, պետության և հանրության միջև համագործակցությունը և այլն։  Իր տեսակի մեջ տարբերավող այս ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչներից.

Հանրային իրազեկում

ՀԼԱ-ն մշակել է հանրային իրազեկումն ապահովելու մի քանի եղանակներ։ Ծրագրի միջոցով ստեղծվել են մեդիա արտադրանքի մի քանի տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ, սոցիալական տեսահոլովակներ։

 

Հայաստանի ազդարարման ալիք (Չաթբոտ ծառայություն)

ստեղծվել է չաթբոտ ծառայությունը, որի նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Հայաստանի ազդարարման ալիքը հրահանգների միջոցով արձագանքում է օգտատիրոջ հարցերին ու օգնում գտնել պաշտոնական տեղեկատվություն։ Չաթբոտը հայերեն է խոսում և ներկայացնում է ստուգված ու ճշգրտված տեղեկություններ, ինչը պաշտպանում է ձեզ կեղծ տեղեկություններից և ապատեղեկատվության վտանգից։ Այն հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պարետատան տարածած տեղեկատվության վրա։

Առայժմ գործում է «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտի երկու ծառայություն․

Ֆեյսբուք սոցիալական ցանցում և Տելեգրամում։

 

Սոցիալական տեսահոլովակներ

Ստեղծվել է 13 տեսահոլովակ։  Սոցիալական գովազդների ստեղծման գործընթացին մասնակցել են բազմաթիվ դերսաններ, երգիչներ, իրավապաշտպաններ, բժիշկներ, երեխաներ, ուսանողներ՝  իրենց ներդրմամբ մեծացնելով այդ հոլովակների սոցիալական դերն ու ազդեցությունը։ ՀԼԱ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նաև ներառականության սկզբունքի պահպանմանը և իր սոցիալական գովազդներում ապահովել է ժեստերի լեզվով թարգմանություն։ Սոցիալական տեսահոլովակների ցանկը հասանելի է ՀԼԱ կայքում։

 

Վեբինարներ

Վեբինարների հիմքում եղել են մի քանի կարևոր թեմաներ, որոնք համավարակի պայմաններում է՛լ ավելի արդիականացել և ունեցել են մեծ պահանջարկ։  Օրինակ՝ հոգեբանական և հոգեկան առողջության, ծնողավարման ու ինքնախնամքի թեմաներով, որոնք աջակցել են մասնակիցներին և հետևորդներին հաղթահարել հոգեբանական լարվածությունն ու խոչընդոտները արտակարգ դրության, մեկուսացման և ինքնամեկուսացման պայմաններում։ Վեբինարների ցանկը հասանելի է ՀԼԱ կայքում։

 

Պաստառներ
Իրազեկման պաստառների միջոցով հանրությանը ներկայացվել է համավարակից զերծ մնալու խորհուրդները՝ «Տանը մնա», «Մի՛ համբուրվիր», «Միասին հոգ տանենք» շարքերով։ Պաստառների ցանկը հասանելի է ՀԼԱ կայքում։

 

Վավերագրական տեսանյութեր – Վավերագրական տեսաֆիլմերի ստեղծման գործընթացում ՀԼԱ-ն իրականացնում է հարցազրույցներ, հետազոտություններ և ուսումնասիրություններ առողջապահության, կրթության, տնտեսության, մեդիայի և տեղեկտվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Վավերացվում են  ոլորտների պատասխանատուների, փորձագետների և շահառուների կարծիքները, վերլուծությունները և սեփական կենսափորձի նկարագրությունները։

 

Տվյալների հավաքագրման բաղադրիչ – Այս բաղադրիչով իրականացվում է ծրագրային արտադրանքների մեկտեղում ընդհանուր հարթակում, որտեղ նաև զետեղվեկու է դեպքերի, իրադարձությունների և նորությունների ժամանակագրական ժապավենը (խրոնիկա)։ Այն մշտապես թարմացվելու է և այցելուներին է ներկայացնելու Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրվանից մինչ այժմ տեղի ունեցածը՝ ըստ ժամանակագրական հերթականության։

 

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարծման տեմպերը մեղմացնելու, հանրային առողջությունը պահպանելու, ստեղծված այս միջավայրում առավել հարմարավետ և ադապտատիվ ապրելու և առկա խոչընդոտները համատեղ հաղթահարելուն ուղղված այս ծրագիրն իր բազմաբևեռ մոտեցմամբ թիրախավորել է Հայաստանի ողջ բնակչությանը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով տեղեկատվական հոսքերի զարկերակը, ներկայացնելով անհրաժեշտն ու պահանջվածը, ապահովելով փոփոխությունների այս շրջանի անցումային փուլի կայունությունը։  Արդեն իսկ ծրագրի արդյունքում իրազեկվել է 1․5 միլիոնից ավելի մարդ։